National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
29.11.2019
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 4

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 29-ին կայացած նիստում Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ քննարկվել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Արմեն Խաչատրյանի եւ Սիփան Փաշինյանի հեղինակած «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը:

Հիմնական զեկուցող Արմեն Խաչատրյանի  տեղեկացմամբ՝ գործող օրենքով «հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ հետախուզական միջոցառման անցկացումն ապահովում է միայն ՀՀ ազգային անվտանգության հանրապետական մարմնի համակարգում գործող օպերատիվ-տեխնիկական գլխավոր վարչությունը` այդ օպերատիվ հետախուզական միջոցառումն իրականացնելու իրավասություն ունեցող մարմինների միջնորդության հիման վրա՝ սույն օրենքով սահմանված կարգով:

ՀՀ ԱԺ պատգամավորի խոսքով՝ նախագծով առաջարկվում է ոստիկանության կողմից ՀԽՎ-ի ինքնուրույն իրականացումը սեփական օպերատիվ տեխնիկական ենթակառուցվածքներով, որոնց զարգացման ուղղությամբ պետք է ներկայացվի միջոցառումների ծրագիր: Ըստ նրա՝ կխնայվի նաեւ ԱԱԾ-ին միջնորդությամբ դիմելու եւ տեխնիկական աջակցություն ստանալու ու կազմակերպչական հարցերի լուծման համար ծախսվող ժամանակը:

Կառավարությունը նախագծին տվել է բացասական եզրակացություն:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը նշել է, որ նախագծի ընդունումը ենթադրում է խոշոր ֆինանսական ծախսեր՝ ՀԽՎ օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելու համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներով ՀՀ ոստիկանությանն ապահովելու համար: Նա նաեւ տեղեկացրել է, որ ներկայումս իրականացվում են ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի լրամշակման աշխատանքներ, որի ընդունումը ենթադրում է նաեւ համակարգային փոփոխություններ քրեադատավարական ոլորտում. կլրամշակվի նաեւ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքը:

Հարակից զեկուցող   ԱԺ      պատգամավոր  Տիգրան Կարապետյանը, կարեւորելով նախագծի անհրաժեշտությունը, ընդգծել է, որ 21-րդ դարում ոստիկանությանը պետք է տրվի գաղտնալսելու հնարավորություն եւ կոչ է արել նախագծին տալ դրական եզրակացություն:

Հանձնաժողովի անդամները եւս կարեւորել են նախագծի անհրաժեշտությունը:

Օրինագիծը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Կառավարության հեղինակած «ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծով առաջարկվում է ապահովել ՀՀ զինված ուժերում կարգապահական իրավահարաբերությունների ամբողջականությունը, զինծառայողների իրավունքների եւ շահերի պաշտպանության գործընթացի պատշաճ կազմակերպումը:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի խոսքով՝ ՀՀ ԶՈՒ կարգապահական կանոնագրքի գործողության ընթացքում ի հայտ են եկել մի շարք խնդիրներ, որոնք արձանագրվել են նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից: Մասնավորապես, օրենքով սահմանվում է, որ կարգապահական խախտումը համարվում է կոպիտ եւ դրա համար պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք է, եթե այն կատարվել է նախկինում հանցագործություն կատարած զինծառայողի կողմից՝ առանց հաշվի առնելու այն, որ ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կարգավորումների համաձայն՝ դատվածությունը հանելը կամ մարելը վերացնում են դատվածության հետ կապված իրավական հետեւանքները:

Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»  օրենքի նախագծով  առաջարկում է հատուցում նախատեսել նաեւ ռազմական գործողությունների ընթացքում երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց մասով:

ՀՀ ԱԺ պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը նշել է, որ գործող օրենքը նախատեսում է առողջությանը պատճառված վնասի դեպքում հատուցում՝ անձի առաջին եւ երկրորդ խմբի հաշմանդամություն ունենալու դեպքում:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը ներկայացրել է Կառավարության բացասական դիրքորոշումը:

Հարակից զեկուցող Քրիստինե Պողոսյանը, ընդգծելով նախագծի կարեւորությունը, կոչ է արել կողմ քվեարկել օրինագծին:

Անդրանիկ Քոչարյանի տեղեկացմամբ՝  հարցի առնչությամբ եղել են աշխատանքային քննարկումներ:

Հանձնաժողովը օրենքի նախագծին տվել է  դրական եզրակացություն:

Պատգամավորները դրական եզրակացություններ են տրվել նաեւ երկրորդ ընթերցմամբ քննարկված ,Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասինե ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասինե եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ  օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասինե եւ կից  օրենքների նախագծերի փաթեթներին:

Քննարկված օրինագծերն առաջարկվել է ընդգրկել առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:

ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի հեղինակած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի քննարկումը հետաձգվել է հիմնական զեկուցողի բացակայության պատճառով:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am